National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.02.2023
Հայ-կորեական փոխգործակցությունը զարգացել է բարեկամական մթնոլորտում. Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյան
1 / 16

Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական փոխգործակցությունը զարգացել է բարեկամական մթնոլորտում` ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցության համար: Ցանկանում եմ կարեւորել մեր երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացումը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես միջպետական հարաբերությունների զարգացման կարեւոր միջոց: Այս հարցում կարեւոր խթան կհանդիսանա Երեւանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը` Ազգային ժողովում հյուրընկալելով Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օգնության համար եւ հավելել, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) հետ համագործակցությունը վերսկսելու ցանկություն կա: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը:

«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ»,- կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` նշել է պատգամավորը: Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված հումանիտար աղետի հետեւանքները` այս հարցում ակնկալելով նաեւ կորեացի գործընկերների արձագանքը:

Ծովինար Վարդանյանն անդրադարձել է «ՀՀ կառավարության եւ ԿՀ կառավարության միջեւ տնտեսական, արդյունաբերական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին` տեղեկացնելով, որ հայկական կողմը շուտով կավարտի ներպետական ընթացակարգերը, եւ այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն իր հերթին կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի խթանման հարցում` ընդգծելով, որ հաճախ միջպետական մակարդակով անլուծելի խնդիրները հնարավոր է հաղթահարել օրենսդիրների մակարդակով: Համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով` Կիհուն Սոնը նշել է, որ իր երկրի կառավարությանը կփոխանցի հայկական կողմի մտահոգություններն ու առաջարկները:

Բարեկամական խմբի անդամ Սոնջու Կիմը, կարեւորելով խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, այս համատեքստում բարձր է գնահատել ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը:

Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է համագործակցության չօգտագործված հսկայական ներուժ մի շարք ոլորտներում, եւ պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են երկու երկրների մշակութային եւ պատմական առնչություններին, երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը: Մի շարք ոլորտներում, մասնավորապես, բանակում իրականացվող բարեփոխումներում ընդգծվել է կորեական լավագույն փորձի ուսումնասիրումն ու փորձի փոխանակումը: Նրանք հույս են հայտնել, որ Կորեան կաջակցի Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության սկզբունքների հիման վրա, ԼՂ ժողովրդին` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարցում:

Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Խաչատրյանը, Թագուհի Ղազարյանը, Նարեկ Բաբայանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am